2 հոկտեմբերի 2009 - 21:51 AMT
Բուենոս Այրեսում բացվել է ղարաբաղյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը
Հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հուշարձանի կառուցումն իրականացվել է Արգենտինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ տաղանդաշատ երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ:

Արարողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինահայեր եւ Արգենտինայում բնակվող հայաստանցիներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հայկական դպրոցների աշակերտներ, Արգենտինայի Հայ առաքելական եւ կաթոլիկ եղեղեցու առաջնորդներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Արարողության սկզբում Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը:

Ելույթներով հանդես եկան համայնքային կառույցների ներկայացուցիչները, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց Արցախի հերոսամարտի դերը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ: Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանն ընթերցեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը` ուղղված արգենտինահայությանը, մասնավորապես, Գագիկ Գասպարյանին եւ նրան հանձնեց ԼՂՀ ԱԺ հուշամեդալը: