2 հոկտեմբերի 2009 - 23:08 AMT
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը եւ Արա Աբրահամյանը քննարկել են Հայաստանում ուղղափառ եկեղեցու կառուցման ընթացքը
2009 թ-ի հոկտեմբերի 1-ին Պատրիարքի նստավայրում` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլը ընդունել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի մամլո ծառայությունը` Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նրան հանդիպման հնարավորության համար, եւ նշեց, որ Ռուսաստանի մեծաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների համար մեծ նշանակություն ունեն շփումները Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ:

Ողջունելով հյուրին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի Հայերի միության ղեկավարի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների մեջ: «Ռուս եւ հայ ժողովրդները դարեր շարունակ միասին պայքարել եւ սատարել են միմյանց, ապրել են մի պետության մեջ: Իսկ երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ապա մեր հարաբերություններում ոչինչ չփոխվեց, նույնիսկ ընդհակառակը` նրանք խորացան», - նշել է Պատրիարքը:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստանում ուղղափառ եկեղեցու կառուցման ընթացքը, որի աշխատանքները ավարտելուց հետո այն կհանձնվի Ռուս Ուղղափառ Եկեղեցուն: