8 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
Անհրաժեշտ է, որ ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցը նպաստի անպատժելիության մթնոլորտի նվազմանը
«ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցն արտացոլում է պետական ինստիտուտների ու ողջ քաղաքական համակարգի գործելակերպը»,-հոկտեմբերի 8-ին խորհրդարանի նիստում ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, հարկավոր է ուշադրություն դարձնել պետբյուջեից հատկացվող միջոցների հափշտակումներին, հարցը վերաբերում է ոչ միայն առանձին անձանց, այլ ողջ համակարգին: «Ինչպես պատահեց, որ նույն չարաշահումները տեղ են գտել գրեթե բոլոր ոլորտներում»,-հռետորական հարց է հնչեցրել Սաֆարյանը:

Սաֆարյանը նշել է, որ չարաշահումները համակարգային բնույթ են կրում եւ գլխավոր խաղացողները այդ համակարգի ղեկավարներն են: Նա նշել է, որ զեկույցն ու ընդունած օրենքները ոչ մի արժեք չունեն, եթե չեն նպաստելու անպատժելիության մթնոլորտի նվազմանը: Նա խորհուրդ է տվել Վերահսկիչ պալատին իր առաջարկները ներկայացնել ՀՀ Դատախազությանը:

Ս.Սաֆարյանը նշել է, որ ԱԺ որոշում կայացնելու անունակությունը կարող է այնպիսի հետեւանքների բերել, որ նման որոշում կկայացնի ժողովուրդը հրապարակներում: «Եթե այսպիսին է մեր քաղաքական համակարգը, ապա ինչպես ենք մենք մրցակցելու Թուրքիայի հետ տնտեսական ոլորտում: Այս պայմաններում, Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, տնտեսական ոլորտում ձախողումն ապահովված է»,-ասել է Սաֆարյանը: