10 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT
Հայ տեկվանդոիստները Դանիա են մեկնում մասնակցելու աշխարհի առաջնությանը
Հայ տեկվանդոիստներ Արման Երեմյանն (մինչեւ 78կգ) ու Արամ Սահակյանը (մինչեւ 87կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ իրանցի մասնագետ Ռահիմ Սամեհիի ղեկավարությամբ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-18 Կոպենհագենում (Դանիա): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, այդ առաջնությանը երկու մարզիկները ոսկե մեդալի են հավակնում:

«2002-ից մենք միջազգային առաջնություններում ոսկի չենք նվաճել: Իսկ այժմ մեր մարզիկները փայլուն մարզավիճակում են, եւ մենք միայն լավագույն արդյունքի հույս ունենք: Նշեմ, որ սկզբում ծրագրվում էր նաեւ Հայկազ Սամվելյանի ու Մաքսիմ Սահակյանի մասնակցությունը, սակայն նրանք վնասվածքներ ստացան եւ մենք նրանց չենք կարող ուղարկել մրցաշարին»,- ասել է Ղահրամանյանը:

Հայկական պատվիրակությունը Դանիա կմեկնի հոկտեմբերի 12-ին, իսկ Երեւան կվերադառնա ամսի 18-ին: