19 հոկտեմբերի 2009 - 16:00 AMT
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը կնպաստի մահմեդական երկրների հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավմանը
Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Ֆերհոյգենը ընդգծել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի յուրահատուկ կարիքը: Նրա խոսքերով Թուրքիան ԵՄ-ի կարիքն ունի, բայց եվրոպական ընտանիքը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի: «Եվրոմիությունը պետք է հաշվի առնի, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան նախընտրի մեկ այլ ճանապարհ եվրոինտեգրման փոխարեն: Դա մեծ ռիսկ է մեզ համար», - ասել է Գյունտեր Ֆերհոյգենը: Նա նշել է, որ Անկարայի ԵՄ մուտքը Արեւմուտքին մեծ առավելություն կտա եւ կօգնի բարելավել հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ:

Եվրոհանձնաժողովի փոխնախագահը մերժել է Թուրքիայի ԵՄ «արտոնյալ անդամակցության» գաղափարը, որը առաջարկվել էր պաշտոնական Փարիզի եւ Բեռլինի կողմից Անկարայի եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցության փոխարեն: «Արտոնյալ անդամակցությունն արդեն տեղ գտել է Թուրքիա - ԵՄ հարաբերություններում: Այն ամենը, ինչը մնացել է Անկարային` ստանալ եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցություն», - ասել է Ֆերհոյգենը: Այս մասին հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: