29 հոկտեմբերի 2009 - 19:30 AMT
Իրանը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ին
Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի կառավարությունը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` ուրանն արտերկրում հարստացնելու վերաբերյալ:

Պատասխանն Իրանի ներկայացուցիչները հանձնել են ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան Վիեննայում: Մանրամասները դեռեւս չեն հաղորդվում:

Մինչդեռ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ:

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի, Թեհրանը իր ուրանը կուղրակի մեկ այլ երկիր հարստացման համար, հետո այն կվերադարձվի Իրանին հետազոտական միջուկային ռեակտորներում օգտագործելու համար: Այդպիսով, կբացառվի այն հավանականությունը, որ Իրանը ինքնուրույն կաշխատի ուրանի հարստացման ուղղությամբ, որը կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար:

Մինչդեռ, Իրանից վերադարձել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խումբը, որն այցելել է ուրանի հարստացման գործարան, որի շինարարությունը նախկինում գաղտնի էր պահվում: Պատվիրակության ղեկավարը, ժամանելով Վիեննա, հայտարարել է, թե դա «լավ ուղեւորություն» էր, սակայն մանրամասներ չի հաղորդել: