5 նոյեմբերի 2009 - 19:29 AMT
ՀՀ եւ ՌԴ մինչեւ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավելի բարձր մակարդակի: Պրն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այդ համատեքստում նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական շփումների բարձր մակարդակը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը, փոխշահավետ համագործակցությունն առեւտրատնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական եւ այլ բնագավառներում:

Զրուցակիցները կարեւորեցին ՀՀ եւ ՌԴ միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Նրանք համաձայնեցին, որ այդ հանձնաժողովները հանդիսանում են երկկողմ համագործակցության կարեւոր գործիքներ եւ դրանց ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: