9 նոյեմբերի 2009 - 19:55 AMT
Հայաստանում աճել է պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկը
Երեւանում մարդիկ անհանգստացած են ասեկոսեներով այն մասին, որ Հայաստանում «խոզի գրիպի» վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկն աճել է:

«Վերջին 5 օրվա ընթացքում պաշտպանիչ բժշկական դիմակների վաճառքն աճել է: Մեր դեղատանը միայն օրվա երկրորդ կեսին վաճառվում է 80 դրամ արժողությամբ 150-200 պաշտպանիչ բժշկական դիմակ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Ֆարմեքս» դեղատան աշխատակիցը:

Ավելի վաղ Հայաստանի Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակագիտական տեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ «Հայաստանում A/H1N1 («խոզի գրիպ») հարուցիչով վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ ներկա պահին հիվանդի անալիզների նմուշը փորձաքննության համար ուղարկվել է Լոնդոն»:

Նա ընդգծել էր նաեւ. «Պետք չէ խուճապի մատնվել: Պարզապես շարունակեք պահպանել անձնական հիգիենայի կանոնները»:

Պաշտոնական տվյալների համաձայն, մինչ օրս Հայաստանում «խոզի գրիպի» ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն, անկախ դրանից, 2010թ. հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին խոզի գրիպի դեմ պատվաստանյութ է տրամադրելու: