10 նոյեմբերի 2009 - 17:34 AMT
Հովհաննես Հունանյան. Ոստիկանի աշխատանքի արդյունավետության գնահատականը տալիս է հասարակությունը
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ոստիկանական ակադեմիայում կայացավ Ոստիկանության վետերանների խորհրդի անդամների հանդիպումն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որին ներկա էին նաեւ Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը եւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, շնորհավորելով բոլոր վետերաններին նախկինում նոյեմբերի 10-ին նշվող Ոստիկանի օրվա առթիվ, նշեց, որ հենց ոստիկանությունն է ապահովում երկրում հասարակական կարգն ու կայունությունը, պաշտպանում մարդու իրավունքները:

Հունանյանն ընդգծեց, որ ոստիկանը մասնագիտական պարտավորությունների կատարման ժամանակ պետք է անաչառ լինի, ինչի գնահատականը տալիս է հասարակայնությունը: Նա նկատեց նաեւ, որ ոստիկանության ավագ ու կրտսեր սերունդների միջեւ նման հանդիպումները պարբերական կդառնան, քանի որ դա փորձի փոխանակման լավ առիթ է: