20 հունիսի 2003 - 23:51 AMT
ՍՈՑԻՆՏԵՌՆԸ ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- Սոֆիայում կայացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հարցերով Սոցինտեռնի համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահող Պյեռո Ֆասիոն, որը գլխավորում է Իտալիայի Ձախ ժողովրդավարական կուսակցությունը: Ինչպես գրում է երեւանյան «Երկիր» թերթը, համաժողովի աշխատանքում, որը տեղի է ունեցել հունիսի 14-15 Բուլղարիայի խորհրդարանի շենքում, մասնակցել է Սոցինտեռնի գլխավոր քարտուղար Լուի Այալան: Եվրոպական սոցիալիստական կուսակցությունների պատգամավորների թվում է եղել նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը: Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը եւ Թուրքիայի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը: Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել համաժողովում առաջարկված Եվրամիության ընդլայնման մասին բանաձեւին, որը ներառում էր նաեւ այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հարցը: