25 նոյեմբերի 2009 - 16:31 AMT
Թուրքիան փորձելու է ձգձգել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը մինչեւ ապրիլ
Թուրքիան փորձելու է ձգձգել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը մինչեւ ապրիլ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով, արձանագրությունների վավերացման երկարաձգմամբ Անկարան ցանկանում է զիջումների հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ դառնալ այդ խնդրի լուծման գլխավոր խաղացողը: «Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումն այն հարցում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մի կորպ կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ»,- ընդգծեց Ալեքսանդր Մանասյանը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Մյունխենում` Մանասյանն ասաց. «Պետք չէ այդ հանդիպումից լուրջ ձեռքբերումներ կամ կորուստներ ակնկալել: Ժամանակի ընթացքում այն կհամարվի ընդամենը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպում»,- նշեց Մանասյանը` ավելացնելով, որ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կտրուկ փոփոխություններ չեն լինի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես չեն շտապում լուծել այս հարցը»,-ընդգծեց հայ քաղաքագետը: