26 նոյեմբերի 2009 - 13:01 AMT
Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը
Համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարություն ունեցող Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպմանը: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նախարար Օկադան ասաց, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Օկադան ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը: Բանակցություններին անդրադարձ արվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրեց Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշեց, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: