2 դեկտեմբերի 2009 - 12:58 AMT
Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հովհաննես Դավթյանը
Դեկտեմբերի 11-13-ը Տոկիոյում կկայանա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարն, որ ամեն տարի անց է կացվում ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի պատվին: Մրցաշարն ամփոփում է 2009թ. սեզոնը:

«Մեծ սաղավարտին» կմասնակցի 2007թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր, մինչեւ 60կգ քաշային կարգում 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը: «Ես շատ ուրախ եմ, որ ինձ անձամբ են հրավիրել մասնակցելու այս մրցաշարին, սա մեծ պատիվ է ինձ համար: Ես լավ են նախապատրաստվել եւ հուսով եմ, որ լավ ելույթ կունենամ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավթյանը:

Դեկտեմբերի 8-ին ձյուդոիստն իր մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ մեկնում է Տոկիո, նա պայքարը կսկսի դեկտեմբերի 11-ին, իսկ 12-15-ը` կմասնակցի ուսումնամարզական հավաքին:

Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել 2-ական մարզիչ յուրաքանչյուր քաշային կարգում: Մրցաշարի մրցանակային հիմնադրմը 150 000 դոլար է, հաղթողը կստանա` 5000, արծաթե մրցանակակիրը` 3000, իսկ բրոնզե մրցանակակիրը 1500 դոլար: