9 օգոստոսի 2003 - 21:27 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել վերջինիս կարգավորմանը: Այդ մասին, Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Նրա խոսքերով` այն ժամանակ, երբ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, ինչի առնչությամբ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւ, Մինսկի խումբը հայտարարում է, որ կընդունի այնպիսի որոշում, որին կհանգեն կողմերը: «Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ պարտադրում է մի սխեմա, որն ավելի հարմար կլիներ մաֆիոզական հաշվեհարդարներին. «հանդիպել են», կրակել, հետո նստել, զրուցել եւ բաժանվել», - հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ տվյալ դեպքում ռիսկի է դիմում ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը: Նախարարի խոսքերով` Կովկասը բազմազգ տարածաշրջան է, եւ «եթե հայ անջատողականները ստեղծեն միանգամայն վտանգավոր նախադեպ, ապա դա հասկանալի կերպով կազդի մյուսների վրա»: