2 դեկտեմբերի 2009 - 16:50 AMT
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում` խմբային փուլում: Հունական «Աթինայկոսի» հետ հանդիպումն ավարտվեց հայ բասկետբոլիստուհիների պարտությամբ (105:54), բայց դրանից հետո «Հատիսը» հաղթանակ տարավ ռուսական «Չեւակատայի» (103:99) եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ (87:64):

«Թուրքիայում մեզ լավ դիմավորեցին»,- նշեց Ռոստոմյանը` ավելացնելով, որ թուրքական թիմը «Հատիսից» նման խաղ չէր սպասում: «Արդեն յոթերորդ րոպեից հետո, երբ մենք հաշվով առջեւում էինք, մրցակիցը գիտակցեց մեր խաղի լրջությունը»,- ասաց Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, երբ թիմը դեռ նոր էր ձեւավորվել, ակումբի ղեկավարությունը ցանկանում էր պարզապես մեծ հաշվով չպարտվել, այժմ նրանք ցանկանում են հաղթահարել խմբային փուլը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանում «Հատիսը» կընդունի հունական «Աթինայկոսին»: