2 դեկտեմբերի 2009 - 17:34 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունները պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեն Թուրքիայի կողմից
Հայ-թուրքական Արձանագրությունները պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեն Թուրքիայի կողմից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային քաղաքականության գծով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, Թուրքիան բավական հզոր ու բարդ երկիր է, որից կարելի է անկանխատեսելի որոշումներ սպասել: «Ես դժվարանում եմ կանխատեսումներ կատարել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման առնչությամբ, կարող եմ միայն ասել, որ այն թուրք պատգամավորները, ում հետ ես առիթ ունեմ շփվելու, վստահեցնում են, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է այդ Արձանագրությունները»,- ասաց նա:

Միաժամանակ պատգամավորն ավելացրեց, որ հայկական կողմը գտնում է, որ այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել, եւ եթե այն խելամիտ ժամկետներում չավարտվի, ապա հայկական կողմն իրավունք ունի վարվելու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Խելամիտ ժամկետները, Մինասյանի խոսքով, ընդգրկում են մինչեւ 2010թ. առաջին երկու ամիսները: