2 դեկտեմբերի 2009 - 21:59 AMT
Քիշնեւում վերականգնվել եւ գործում է հայկական եկեղեցին
Մոլդովայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել Քիշնեւի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը չէր գործում արդեն 60 տարի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում պատմել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: «Հոկտեմբերի 24-ին եկեղեցու հարեւանությամբ մենք բացեցինք նաեւ «Արմենիա» մշակույթի կենտրոնը,-ասել է Վ.Գասպարյանը: Նա հաղորդել է նաեւ, որ բացվել է կիրակնօրյա դպրոց, որն արդեն 24 աշակերտ ունի եւ գործում է տարբեր տարիքային խմբերի համար: Դպրոցին անհրաժեշտ դասագրքերն ու նյութերը տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախատեսվում է նման դպրոցներ բացել նաեւ Մոլդովայի այլ մարզերում, ասել է Վ.Գասպարյանը` հավելելով, որ այսօր Մոլդովայում շուրջ 12 000 հայ է բնակվում:

«Սակայն մեր հիմնական մտահոգությունը հայկական եկեղեցիների վիճակն է»,-ասել է Գասպարյանը` հավելելով, որ Քիշնեւում կա երկու գործող եկեղեցի, որոնք մեկական սպասավոր ունեն եւ հազվադեպ են այցելուներ ունենում: -