3 դեկտեմբերի 2009 - 20:22 AMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ղարաբաղի պատերազմի համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագծին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Արմեն Ռուստամյանի օրինագծին, որը երկրի խորհրդարանին առաջարկում է ընդունել «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը:

Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ փաստաթղթի նախագծում ասվում է, որ Ադրբեջանը, հետեւողականորեն խեղաթյուրելով իրականությունը, այլասերելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կանխակալ ու սխալ կարծիք ստեղծել ղարաբաղյան հակամարտության ծագման եւ զարգացման մասին:

Քոչարյանի խոսքով, հայտարարությունն ընդգծում է միջազգային կառույցներում հակամարտության իրական պատկերը վերականգնելու անհրաժեշտությունը` մատնացույց անելով Ադրբեջանի պատասխանատվությունը դրա սրման համար, ինչպես նաեւ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները` պաշտոնական Բաքվի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը: