4 դեկտեմբերի 2009 - 20:20 AMT
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է խրախուսական նվերներ ՀՀ ռազմական ոստիկանության զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը եւ ծառայողական պայմաններին, ինչպես նաեւ հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ:

Աշխատանքային այցի ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական մարտական վարժանքների միջոցով պաշտպանության նախարարին ներկայացրին իրենց մարտավարամասնագիտական հմտություններն ու կարողությունները: Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների հանձնեց խրախուսական նվերներ: