8 դեկտեմբերի 2009 - 17:02 AMT
Օլեգ Գաբրիելյան. Ղրիմի հայերը պահանջում են համայնքի հետ համաձայնեցնել Սուրբ Խաչ եկեղեցու կարգավիճակը
«Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցումից եւ օծումից հետո պետք է գործող եկեղեցի դառնար: Սակայն դա տեղի չունեցավ: Հնարավոր է, եթե հոգեւորականներ լինեին, կարելի էր խուսափել ստեղծված իրադրությունից»,- Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ առաջացած իրավիճակը մեկնաբանեց Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, Ղրիմի հայկական համայնքը, Գաբրիելյանի խոսքով, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյին նամակ հղեց, որում ներկայացված էր հայ համայնքի դիրքորոշումը առանց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինյան թեմի հետ համաձայնեցնելու որեւէ գործողությունների անթույլատրելիության մասին:

Ավելի վաղ Գրիցենկոն հայտնել էր, որ 2009թ. դեկտեմբերի 1-ից հայկական Սուրբ Խաչ եկեղեցին դառնալու է Ղրիմյան ազգագրական կենտրոնի բաժինը:

Սուրբ Խաչը պետական նշանակության հուշարձան է, որը մի քանի դար շարունակ եղել է հայերի հոգեւոր ձգողության եւ ուխտագնացության կենտրոնը: