10 դեկտեմբերի 2009 - 15:03 AMT
Անկարայի փորձերը` ղարաբաղյան հարցը կապել հայ-թուրքական երկխոսության հետ, դատապարտված են ձախողման
Անկարայի փորձերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելը դատապարտված է ձախողման: Այս մասին Երեւանում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը: «Մենք գտնում ենք, որ փորձերն անհաջողության են մատնված», - ասաց ՀՀ նախագահը: Նրա խոսքերի համաձայն, Անկարան պետք է հասկանա, որ Կովկասում կայունության եւ խաղաղության հասնելու համար նա պետք է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի:

Մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքները, Հայաստանի նախագահն ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը շնորհակալություն է հայտնում բոլոր պետություններին եւ քաղաքական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ Հայաստանին ու Թուրքիային հաջողվեց երկխոսություն սկսել: «Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս գործընթացի ե'ւ դրական, ե'ւ բացասական արդյունքները պետք է վերագրվեն միայն Երեւանին ու Անկարային», - ասաց Հայաստանի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչը Սպիտակ տան ղեկավարը բազմաթիվ անգամ արտահայտել է հրապարակայնորեն եւ երկկողմանի հանդիպման ընթացքում: «Հայոց ցեղասպանության Թուրքիայի ճանաչման անհրաժեշտության եւ այն մասին, որ թուրքական կողմը պետք է սթափ նայի իր պատմությանը, ԱՄՆ նախագահը ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում», - ավելացրեց ՀՀ նախագահը:

Ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը չի աջակցի հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հարցը չլուծվի: Ընդ որում, Էրդողանը ԱՄՆ նախագահին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին բացատրելու, որ ղարաբաղյան հակամարտության հարցը շուտափույթ լուծվի: