11 դեկտեմբերի 2009 - 17:52 AMT
Վալդիս Զատլերս. «Հայերը նպաստում են Լատվիայի զարգացմանը»
Դեկտեմբերի 11-ին Մայր աթոռ սբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Ս.Ս. ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիպումը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ, ում ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ողջունելով Լատվիայի նախագահին` ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում Մայր աթոռ սբ Էջմիածնի դերն ու նշանակությունը:

«Մենք ուրախ ենք, որ հայերը ձեր երկրում կարող են ապրել հոգեւոր կյանքով եւ ազատ օգտվել պետության ընձեռած բոլոր հնարավորություններից: Այսօր Լատվիայում գործում են հայկական եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, որ Աստծո ողորմածությամբ հույս ունենք դարձնել ամենօրյա », - նշել է ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Շնորհակալություն հայտնելով ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը նշեց. «Լինելով Լատվիայի օրինապահ քաղաքացիներ, հայերը նպաստում են երկրի զարգացմանը»: