12 դեկտեմբերի 2009 - 12:34 AMT
Սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման օգտին
Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ եւ Սենատի միջազգային գործողությունների եւ կազմակերպությունների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւի ընդունման: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ:

«Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հավատարմությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ փաստի ժխտման դեմ պայքարին: Մարդկության դեմ գործված այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրա, սենատորի այս քայլը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատավոր շրջանից»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիվ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցությունը:

Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւը գտնվում է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 նմանատիպ բանաձեւը: