12 դեկտեմբերի 2009 - 14:39 AMT
ԱՀՀ անդամները մասնակցեցին հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ քննարկմանը
Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Փիթեր Քեզիրյանն ու ԱՀՀ Արեւմտյան բյուրոյի տնօրեն Եղիգ Քեշիշյանը մասնակցեցին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների շուրջ քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր Ուսանող-իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից (ՈՒԻՀԱ):

Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված ԱՀՀ հաղորդագրության մեջ, քննարկմանը մասնակցել են նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ներկայացուցիչներ Սթիվ Դադայանն ու Վիգեն Սոնենց Փափազյանը:

Ելույթ ունենալով քննարկման մասնակիցների առջեւ` Եղիգ Քեշիշյանը նշեց, որ իր անկախության օրվանից Հայաստանը հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմից, սակայն Անկարան նախապայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ու Երեւանից պահանջում հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Քեշիշյանը հիշեցրեց նաեւ, որ Թուրքիան արդեն ավելի քան 15 տարի Հայաստանին շրջափակման մեջ է պահում` այդպիսով փորձելով մեկուսացնել երկիրն արտաքին աշխարհից:

Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների բովանդակության մասին` ԱՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այդ փաստաթղթերն իրենցից սպառնալիք չեն ներկայացնում Հայոց ցեղասպանության փաստի համար, Հայաստանից չեն պահանջում հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից եւ Ղարաբաղի վերաբերյալ զիջումներ չեն ենթադրում:

Սթիվ Դադայանն իր հերթին, խոսելով ԱՀԴՀ անունից, ընդգծեց, որ Արձանագրությունները հայ ժողովրդից պահանջում են հենց հրաժարվել սեփական պատմական իրավունքներից: Նա նշեց, որ Արձանագրությունները Թուրքիային կօգնեն մտնել ԵՄ, քանի որ Եվրամիությանն անդամակցելու համար Անկարան պետք է բացի հարեւան երկրների հետ սահմանը: