17 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT
2010-ին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն կբացվի
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:

Բարձ գնահատելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության սկզբնավորման եւ հետագա խորացման հարցը: Անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով Արթուր Բաղդասարյանն իր հնդիկ պաշտոնակցին հրավիրել է Հայաստան:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ կապերի խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին Հնդկաստանը Հայաստանում մի շարք ծրագրեր նախաձեռնելու մտադրություն ունի, այդ թվում` Հայաստանում նախատեսվում է բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: