19 դեկտեմբերի 2009 - 16:44 AMT
Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական տոնավաճառը
Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի հանդիսավոր բացումը:

Տոնավաճառի կազմակերպիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիան եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկին Նատալիա Նալբանդյանն են:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկինը շատ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տոնավաճառ է կազմակերպել: Դա զանազան սոցիալական ծրագրերին աջակցելու համար միջոցներ հավաքելու հնարավորություն է: Ես մեծ հույս ունեմ, որ ծրագիրը դրական կլինի, եւ հաջորդ տարի մենք ավելի շատ գումար կհավաքենք այլ սոցիալական նախագծերի իրականացման համար»,- պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը:

Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում զանազան երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մասնավոր անձինք:

Տոնավաճառն այցելեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլք:

Տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի երեւանյան մանկապարտեզներին ջեռուցման համակարգերի տեղադրման համար: