23 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
ՀՀ նախագահը հանձնարարել է շտկել Գյումրիում բնակարանաշինության ոլորտում թույլ տրված սխալները
Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարարը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրենը: Նշենք, որ այդ ընկերությունը շինաշխատանքներ է կատարում աղետի գոտում:

ՀՀ նախագահը ներկայացրեց իր նկատած բացթողումները Գյումրիում նոր շենքերի շինարարության ոլորտում, մասնավորապես, նշելով ներքին հարդարման խնդիրը: Ըստ Ս.Սարգսյանի, բոլոր այդ սխալները պետք է շտկվեն, իսկ բնակարանները ապահովվեն ջեռուցմամբ եւ անհրաժեշտ պայմաններով:

Նախագահն ասել է, որ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ոչ թե լուծել խնդիրը, այլ ձերբազատվել քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդրից:

Անդրադառնալով շահագործման հանձնելու ժամկետներին` նախագահը նշել է, որ դա չպետք է անդրադառնա որակի վրա: Նա հայտարարել է, որ 1056 բնակարանները, որոնք պետք է հանձնվեին քաղաքաշինության նախարարությանը Ամանորի տոներից հետո, թերությունների շտկման պատճառով կհանձնվեն 2010թ. մայիսի 15-ին: