14 հունվարի 2010 - 20:15 AMT
Թուրքիայի հրեաները հակասեմիտիզմի բռնկում են ակնկալում երկրում
Թուրքիայի հրեական համայնքը զգուշացնում է, որ վիճաբանությունն Երուսաղեմի ու Անկարայի միջեւ կարող է հակասեմիտիզմի ալիք բարձրացնել երկրում: Համայնքի ղեկավար Սիլվիո Օվադիան կոչ է արել լուծել տարաձայնությունները Թուրքիայի ու Իսրայելի միջեւ` չավելացնելով լարվածությունը, ի նկատի ունենալով դիվանագիատական ճգնաժամն, որն առաջացավ Էրդողանի հակահրեական ելույթների եւ Իսրայելի պատասխան արձագանքի պատճառով, գրում է թուրքական Today`s Zaman-ը:

Իսրայելցի դիվանագետ Դանի Այալոնը ներողություններով երկրորդ նամակն է հղել Երուսաղեմում թուրքական պատվիրակությանը ցուցաբերած ոչ պատշաճ ընդունելության պատճառով:

Որոշ ժամանակ անց, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն Այալոնի ներողությունն ընդունված է: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ներողություններն ընդունված են եւ Իսրայելում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու հարցը հետաձգվել է:

«Գայլերի հովիտը» թուրքական հեռուստասերիալը ներկայացնում է իսրայելցի զինվորականներին որպես երեխաներ առեւանգողների ու ռազմական հանցվագործների: Սերիաներից մեկում իսրայելական հետախուզությունը առեւանգում է պաղեստինցի երեխաներին նրանց հուդաիզմ դավանողներ դարձնելու նպատակով:

Դիվանագիտական սկանդալն երկու երկրների միջեւ ծագեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետը Դավոսում անցյալ տարվա հունվարին մեղադրեց Իսրայելին ոչ համարժեք ուժ կիրառելու համար Պաղեստինում, Գազայի հատվածում: