17 հունվարի 2010 - 18:48 AMT
Al Watan. Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում
Սիրիական Al Watan թերթը գրում է, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Լիբանանի հետ սահմանում` նկատվում են տեխնիկայի եւ ռազմական սարքավորումների կուտակումներ:

Իսրայելն, իբր, արդեն նամակ է հղել Լիբանանի ղեկավարությանը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ ՑԱԽԱԼ-ի գործունեությունը սահմանի վրա չպետք է մտահոգության պատճառ հանդիսանա : Al Watan-ը հաղորդում է նաեւ, որ Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիի Անկարա կատարած այցի շրջանակներում իբր թուրքական կողմին իր մտավախություններն է հայտնել տարածաշրջանի, մասնավորապես, Լիբանանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ:

Վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը տեսչական այց է կատարել հյուսիսային սահմաններ, որի ընթացքում հանդիպել է ՑԱԽԱԼ-ի զինծառայողների եւ Հյուսիսային ռազմական շրջանի ղեկավարության հետ, հաղորդում է MIGnews-ը:

ՑԱԽԱԼ-ը Իսրայել պետության բանակն է եւ նրա անվտանգության գլխավոր մարմինը: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի այժմյան պետ` գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին է: Ըստ օրենքի, Իսրայելի բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ պետության տարածքում մշտապես բնակվող բոլոր անձիք 18 տարին լրանալուն պես զորակոչվում են բանակ: