12 փետրվարի 2010 - 18:14 AMT
Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստ լիներ պատերազմի, այն վաղուց արդեն սկսված կլիներ


Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստ լիներ պատերազմի, ապա ամեն օր նույն երգը չէր երգի, այլ պարզապես կսկսեր այդ պատերազմը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, այդ հարցում կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հստակ դիրքորոշումը, որոնք ասել են, որ պատերազմի դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի քննարկումը վերջնականապես կմերժվի, եւ կքննարկվի միայն ԼՂՀ ինքնորոշման հարցը:

Դրա հետ մեկտեղ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթը ԼՂՀ կարգավիճակն է: «Սկզբում պետք է վճռել Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ միայն հետո անդրադառնալ մյուս հարցերի լուծմանը»,- նշեց Սահակյանը` ավելացնելով, որ Հայաստանն ապահովում է ԼՂՀ անվտանգությունը, իսկ մնացածն արդեն պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը` արդյոք նա ցանկանում է միանալ Հայաստանին, թե ոչ: