12 փետրվարի 2010 - 17:41 AMT
Բեռլինում տեղի կունենա «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը


Փետրվարի 12-ին Բեռլինում տեղի կունենա Ռեջեփ Մարաշլիի «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որը գրվել է թուրքերեն:

Շնորհանդեսի կազմակերպիչներն էին` «Քրդական բարեգործական-մշակութային միությունը» (Komkar Berlin), Allmende մշակույթի եւ միգրացիոն քաղաքականության տունը, ինչպես նաեւ «Ընդդեմ ցեղասպանության - հանուն ժողովուրդների փոխըմբռնման» աշխատանքային խումբը:

Շնորհանդեսին զեկույցով հանդես կգա գրքի հեղինակը, որի զեկույցի թեման է` «Ինչպես ստեղծվեց իմ գիրքը», իսկ Freie Universitaet Berlin-ի դասախոս Ժիրայր Քոչարյանը զեկուցում կկարդա «Ճշմարտության վերակառուցումը» թեմայով: Շնորհանդեսի ընթացքում Dendar խմբի կատարմամբ կհնչեն հայերեն եւ զազակի լեզուներով երգեր:

«Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքում հեղինակը մանրամասնորեն պատմում է հայ ազգային շարժման զարգացման, 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակը հանգամանորեն ուսումնասիրել է Ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական պատմագիտությունը` զուգորդելով Հայկական հարցի հետ:

Բեռլինի հայկական համայնքի եկեղեցական եւ մշակութային պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ գրքն ավարտելուց հետո, զինվորական հեղաշրջման արդյունքում Ռեջեփ Մարաշլին 1980 թ.-ից գտնվում է ազատազրկման մեջ: Չնայած թուրքական բանտի վատ պայմաններին, որտեղ ամեն կերպ խոչընդոտում են տեղեկատվություն ձեռք բերելուն, Ռեջեփ Մարաշլին կարողացել է 15 տարի հետո իր աշխատանքն ավարտել: Ներկայում արդեն գիրքը թարգմանված է թուրքերենից գերմաներեն:

Ռ. Մարաշլին 17 տարի գտնվել է Դիարբեքիրի բանտում` քաղաքական ակտիվության համար: Ավելի ուշ նա հիմնել է Komal հրատարակչությունը, որտեղ հրատարակվել են քրդերի եւ ժամանակակից Թուրքիայի պատմության մասին գրքեր: Այդ գրքերի մեծ մասի հրատարակությունը թուրքական կառավարությունը արգելել էր, իսկ հրատարակչությունը փակել:

Ռեջեփ Մարաշլին քրդական ընդդիմության խորհրդանիշներից մեկն է դարձել: Նա 1999 թ.-ից բնակվում է Գերմանիայում: