5 մարտի 2010 - 19:20 AMT
Թուրքիայի` «հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հասարակ ցանկություն

«Որքան էլ տարօրինակ է, Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ արեց ամեն ինչ, որպեսզի ողջ աշխարհի ուշադրությունը դարձնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման գործընթացի վրա»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, թուրքական կողմի հայտարարություններն ու գործողությունները բոլորովին չեն համընկնում միմյանց հետ: «Այս ենթատեքստում Թուրքիայի` ավելի վաղ հայտրարաված «հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հասարակ ցանկություն: Քանի որ եթե Թուրքիան չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ինչպե՞ս է մտադիր Հայաստանի հետ զրոյական խնդիրներ ունենալ»,- նկատեց նա:

Հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը նկատեց, որ եթե անգամ ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան վավերացնի ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները, ապա նա դա կանի` ելնելով քաղաքական իրադրությունից:

Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ եթե անգամ 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի նիստերի օրակարգում, այն միանշանակ չի անցնի: «ԱՄՆ-ն այն պարզապես օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների հավանական վերսկսմանը` Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նկատեց, որ Ադրբեջանը ռազմական արկածախնդրության կդիմի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ այդ հարցում բացի Թուրքիայից իրեն կօժանդակեն նաեւ Միացյալ Նահանգները:

Շոշափելով Հայաստանի ներքին քաղաքականության թեման` Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ մի հիմք չի տեսնում Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար (ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)), քանի որ ՀԱԿ-ը երկրի բնակչության աջակցությունը չի վայելում: «Այժմ հայ հասարակայնությանը նոր ընդդիմություն է հարկավոր նոր գաղափարներով, որի ձեւավորման մեջ մենք կներդնենք մեր ավանդը»,- հայտնեց նա: