9 մարտի 2010 - 13:21 AMT
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ելույթ է ունեցել Հայաստանի գուսանական երգի պետական համույթը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աջակցությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարաության մամլո ծառայությունը, դատապարտյալ եւ կալանավորված կանանց ու անչափահասներին իրենց անզուգական կատարումներով հիացրել է Հայաստանի գուսանական երգի պետական համույթը: Իսկ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրաբերեց հազար անուն գիրք` հարստացնելով տեղի գրադարանային ֆոնդը:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը հույս է հայտնում, որ այս գեղեցիկ միջոցառումով մեկնարկած համագործակցությունը կունենա իր շարունակությունը` ընդգրկելով նորանոր ոլորտներ: