16 մարտի 2010 - 20:17 AMT
ՀԱԿ-ը ԵԽ-ին հանձնել է Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր

Մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել, եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակ է հանձնել երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքերի համաձայն, ընդդիմադիրների դաշինքը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբեռն Յագլանդին հասցեագրված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը հանձնել է ԵԽ երեւանյան գրասենյակ, որում նշված են ընդդիմության հիմնական պահանջները` երկրում տիրող իրավիճակից դուրս գալու համար, դրանք են` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, «Ա1+» հեռուստաալիքի վերականգնում, տնտեսական բարեփոխումների իրականացում:

«Նամակում նաեւ ներառված են ԵԱՀԿ Հայաստանի հարցով մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի վերջին առաջարկությունները», - ասել է նա:

Կարապետյանը նշել է նաեւ, որ ընդդիմադիր դաշինքը հուսով է, որ ներկայացրած առաջարկություններին կծանոթանան նաեւ համազեկուցողները, ովքեր մարտի 17-ի մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ կբարձրացնեն այդ հարցը: