18 մարտի 2010 - 18:09 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար:

Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը եւս կօժանդակի հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաեւ Սլովակիայի նախագահին` այցելելու Հայաստան:

Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ քաղաքական մակարդակում այսօր շատ բան է արված, սակայն դեռեւս կան փոխգործակցության ամրապնդման շատ հնարավորություններ, չիրացված ներուժ, հատկապես առեւտրի ու տնտեսության ոլորտում: Նշելով, որ իր հետ Հայաստան են ժամանել նաեւ գործարարներ` նա հույս է հայտնել, որ հայ-սլովակյան գործարար համաժողովը երկու երկրների գործարար կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծի:

Հայաստանի նախագահը եւ Սլովակիայի արտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Միրոսլավ Լայչակը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջն է փոխանցել Արեւելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Հանրապետության նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ինչպես նաեւ անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Նախագահ Սարգսյանը միաժամանակ ողջունել է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: