20 մարտի 2010 - 11:59 AMT
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում եվրոպական երկրներին դատապարտել Թուրքիային
Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Երդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի ՀՀ 100.000 քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:

«Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված, որպես ապաստանյալներ եւ գաղթականներ ապրում են եվրոպական երկրներում: Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնակրկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ: Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,- ասվում է ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանի հայտարարությունում:

Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է 100 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսումը երկրից: «Իմ երկրում ապրում է շուրջ 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ, դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը: