24 մարտի 2010 - 17:42 AMT
Շվեդիայի ոչ մի քաղաքական ուժ կասկածներ չունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ

Շվեդիայում չկա ոչ մի քաղաքական ուժ, որը կակասծներ ունի Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է Շվեդիայի Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Պետր Վեյդրուդը: «Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք դեմ էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, որպես փաստարկ բերում էին այն, որ այժմ այնքան էլ հարմար ժամանակ չէ բանաձեւի ընդունման համար, եւ որ խորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է որոշումներ կայացնի պատմական հարցերի շուրջ»,-ասել է շվեդ քաղաքական գործիչը: Ըստ նրա, շվեդական Ռիկսդագը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ կան բավականաչափ ապացույցներ եւ հետազոտություններ, որ վկայում են այն մասին, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն էին:

«Մենք հիանալի հասկանում էինք, որ այդ բանաձեւով մենք կարող ենք վնասել հայ-թուրքական հաշտեցմանը: Սակայն ցանկանում եմ ասել, որ խորհրդարանի այդ որոշումը ոչ թե սատարում է պատմության իրադարձությունների վերաբերյալ մի կողմի տեսակետին, այլ հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա: Հաշտեցման հասնելու համար հարկավոր է ճշմարտությունն ասել, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ ընդունված բանաձեւը կօգնի Հայաստանին ու Թուրքիային հաշտեցման հասնել»,-ասել է Պետր Վեյդրուդը` հավելելով, որ սոցիալ-ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, որը մեծամասնություն է կազմում Շվեդիայի խորհրդարանում, ուշադիր հետեւելու են, որ Սթոկհոլմի արտաքին քաղաքականությունը համահունչ լինի Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահը հայտարարել է, որ այդ հարցում Շվեդիան սկզբունքային դիրքորոշում ունի: «Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, սակայն, մենք նաեւ գտնում ենք, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի` պաշտպանելու համար ազգային փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության զարգացումը»,-ասել է քաղաքական գործիչը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը հայ ներգաղթյալներին Թուրքիայից վտարելու մասին, Վեյդրուդն ասել է, որ իր այդ հայտարարությամբ Էրդողանը մեծ սխալ գործեց, եւ լավ է, որ այն իր խոսքերը ետ վերցրեց:

Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: