25 մարտի 2010 - 16:16 AMT
Կառլ Բիլդտ. Խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ նոր քվեարկություն անցկացնել
Շվեդիայի խորհրդարանը կարող է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ նոր քվեարկություն անցկացնել: Այդ մասին հայտնել է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը:

Շվեդիայի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել խորհրդարանի կողմից ընդունված հայկական բանաձեւի կապակցությամբ: Նրա կարծիքով, սխալ է քաղաքական որոշումներ ընդունել 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, եւ այսօր հարկավոր է մտածել ոչ թե 1915 թվականի, այլ 2015-ի մասին, երբ Թուրքիան կկարողանա ԵՄ լիիրավ անդամ դառնալ:

«Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին խորհրդարանը կարող է վերադառնալ 2011 թվականին: Շվեդիան միշտ Թուրքիայի կողքին է եղել որպես նրա բարեկամ: Ես հուսով եմ, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք բանաձեւի ընդունումից հետո բարդացել են, մոտ ժամանակներս կկարգավորվեն»,- ընդգծել է Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: