25 մարտի 2010 - 18:17 AMT
Hayland.am-ը թողարկել է իր կայքի բջջային տարբերակը
Hayland.am հայկական ամենամեծ սոցիալական ցանցի բջջային տարբերակը արդեն հասանելի է իր այցելուների համար, PanARMENIAN.Net-ին հաղորդել է նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը:

Տարբերակը հատուկ մշակված է շարժական սարքերի համար եւ թույլ է տալիս օգտվողներին պահպանել իրենց սոցիալական ակտիվությունը կայքում` անգամ եթե համակարգիչը հասանելի չէ:

Արագ եւ հարմար բջջային տարբերակը կատարում է կայքի գրեթե բոլոր ամենակարեւոր ֆունկցիաները` անձնական էջի խմբագրում, լուսանկարների ավելացում, նամակագրություն, ընկերների էջերի այցելում եւ այլն:

Իր տեխնիկական ցուցանիշներով hayland.am-ի բջջային տարբերակը զգալիորեն գերազանցում է տվյալ պահին առկա այլ հայկական կայքերի WAP-տարբերակները:
Մոտ ապագայում կայքի ծրագրավորողները խոստանում են համալրել տարբերակը` ավելացնելով ֆորումից եւ խմբերից օգտվելու, բլոգում գրելու եւ նվերներ ուղարկելու հնարավորություն:

Վերջին տեխնիկական նորարարությունների թվում կարելի է նաեւ նշել կայքում գործող սեփական URL-ների համակարգը, որը թույլ է տալիս այցելուներին ստեղծել անձնական էջի անհատական հասցեն (օրինակ` hayland.am/armen կամ hayland.am/armine):