26 մարտի 2010 - 18:19 AMT
Աստրիդ Քլիֆորդ. Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է
Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:

Նրա խոսքով, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: «Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի հսկողությունն է,- նշեց նա:

Խոսելով տնտեսական աճի մասին` գլխավոր գործադիր տնօրենն ասաց, որ Հայաստանում այդ ցուցանիշը 2010 թվականին տատանվելու է 2%-ի սահմաններում:

Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, առաջին երկու ամիսների արդյունքներով գնաճը կազմել է 2%, տնտեսական աճը` 3,1%:

Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրված է 1,2%-ի չափով, գնաճը` 4+/-1,5%: