7 ապրիլի 2010 - 12:31 AMT
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին (Abdou Diouf), տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008 թվականին ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, որն այս տարի համընկնում է ՖՄԿ 40-ամյա հոբելյանի հետ:

Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը: