7 ապրիլի 2010 - 12:38 AMT
Ամերիկայի Հայկական hամագումարն ապրիլի 21-ը հայտարարել է "Աջակցության և ճանաչման" օր

Ամերիկայի Հայկական hամագումարը (ԱՀՀ) ապրիլի 21-ը հայտարարել է “Աջակցության և ճանաչման" օր: "ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման կապակցությամբ մենք ակտիվիստներին, բարեկամներին ու գործընկերներին կոչ ենք անում միանալ մեզ Վաշինգտոնում",- հայտնեց Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչ Դենիել Կուշակջյանը:

ԱՀՀ հայտարարության մեջ նշվում է նաև, որ օրենսդրական գործընթացում հաջորդ քայլը լինելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի շուրջ քվեարկության դրական արդյունքի ապահովումը:

"Բացի դրանից, ապրիլի 21-ի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունը և Մարկ Քըրքը Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո կանցկացնեն",- ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:

"Ապրիլը հայտարարված է Ցեղասպանության կանխման ամիս: Օբամայի վարչակազմը հնարավորություն ունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ կանխելու ցեղասպանության իրագործումն ապագայում: Մենք նաև ակտիվիստներին ու բարի կամքի բոլոր մարդկանց կոչ ենք անում հասնել ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը",- հայտնեց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: