7 ապրիլի 2010 - 13:35 AMT
Ուկրաինան փոշմանե՞լ է անդամակցել ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարեցրել է այն մարմնի գործունեությունը, որը պետք է նախապատրաստեր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ասվում է նախագահի պաշտոնական կայքէջում զետեղված հրամանագրում:

Ըստ հրամանագրի, կասեցվում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նախապատրաստող նախագահական հանձնաժողովի գործունեությունը, որը ստեղծել էր նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, որը վատ հարաբերություններ ուներ Մոսկվայի հետ: Առանձին հրամանագրով փակվել է նաեւ մեկ այլ կառույց, որը պատասխանատու էր Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման համար: Օրինագիծը, որը կարող է շուտով ներկայացվել խորհրդարանում, պետք է ամրագրի Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, սակայն դեռեւս ուժի մեջ է մնում 2003 թվականի օրենքը ազգային անվտանգության մասին, որի համաձայն Ուկրաինայի ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ: