8 ապրիլի 2010 - 19:13 AMT
Լիոնում բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ Ջավախքում մարդու իրավունքների խախտման

Ապրիլի 3-ին Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խմբի նախաձեռնությամբ Լիոնի (Ֆրանսիա) France 3 հեռուստաընկերության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ Ջավախքում մարդու իրավունքների խախտման: Այս մասին ասված է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խմբի PanARMENIAN.Net-ի խմբագրություն ուղարկած հայտարարության մեջ:

“Ջավախքում տիրող իրավիճակով անհանգստացած ցուցարարները բարձրացրել էին Վրաստանի դրոշը, տրանսպարանտներ, նաև վանդակի մեջ առնված վարդեր, որոնք խորհրդանշում էին ազատության ոտնահարումը և “վարդերի հեղափոխության” ձախողումը: Ցուցարարները դատապարտել են Ջավախքում հայերի հանդեպ խտրականությունն ու քաղաքական հետապնդումները”, - ասվում է խմբի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա մայիսի 15-ին, Լիոնի TLM հեռուստաընկերության շենքի մոտ: