Ապրիլի 8-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE): Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ: Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն և նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները և Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին:
Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները և փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:
ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, և պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: