13 ապրիլի 2010 - 18:02 AMT
Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահը չի արտասանի “ցեղասպանություն” բառը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի “ցեղասպանություն” բառեզրը հայ համայնքին ուղղված իր ապրիլի 24-ի ուղերձում:

“Դա իմ ենթադրությունն է, քանի որ մինչ օրս ոչ մի ԱՄՆ նախագահ չի արտասանել այդ բառը, և ես գտնում եմ, որ նախագահ Օբաման ևս դա չի անի”,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Էրդողանն ասել է, որ ոչ մի ազգ կամ ժողովուրդ իրավունք չունի պարտադրել պատմության վերաբերյալ իր տեսակետը մեկ այլ ազգի կամ ժողովրդի, և Թուրքիան չի փորձում դա անել, հաղորդում է CNN-ը:

1981թ. ապրիլի 22-ին, Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր հայտարարություն մեջ (N4838) ասել է. “Հոլոքոսթի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոսթին նախորդած Հայոց ցեղասպանությունն ու հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը”: