16 ապրիլի 2010 - 11:26 AMT
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լուրջ սառեցում է նկատվում

Սարգսյան-Էրդողան հանդիպումն Վաշինգտոնում անցավ առանց տեսանելի հաջողության: Հակառակը, կարելի է արձանագրել լուրջ սառեցում երկու երկրների միջև: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, դրա պատճառները մի քանիսն են: “Վերջին իրադարձություններն, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներն` Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու վերաբերյալ և Էրդողանի հայտարարությունն Ղարաբաղի հարցում ի նպաստ ադրբեջանական դիրքորոշոման չեն կարող նպաստել հարաբերությունների ամրապնդմանը: Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ չի փոխվել Հայաստանի դիրքորոշումը ՍԴ որոշման տեքստի վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ կոշտ հայտարարությունն այդ հարցում դեռ ուժի մեջ է: Թվում է, թե գործընթացն այլևս ԱՄՆ-ի նման միջնորդի կարիք չունի: Կոնգրեսի հայտնի որոշումը վնասեց Թուրքիայում Հայաստանի հետ երկխոսության կողմնակիցների հեղինակությանը, և այժմ գործընթացը կաորղ է ձգձգվել”,-ասել է փորձագետը: