16 ապրիլի 2010 - 19:55 AMT
Լազար Միրզոյան. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նկարները հետագայում պետք է միայն հաղթանակ արտացոլեն

Ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես:

“Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի հետ կապված` շատերն են ցանկանում արտահայտվել, այդ թվում` արվեստի գործիչները: Ես շատ երախտապարտ եմ, որ Հայ նկարիչների համաշխարհային միությունն ակտիվ կերպով մասնակցել է այդ ցուցահանդեսի կազմակերպմանը: Մենք հուսով ենք, որ ցուցահանդեսը կհասնի իր նպատակին` կհիշեցնի մեզ բոլորիս այն ողբերգական օրերի մասին, որոնք չպետք է կրկնվեն”,- իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

“Դեռ շատ սերունդներ պետք է անդրադառնան Ցեղասպանության թեմային: Ցեղասպանության ժամանակ արված նկարները շատ տխուր են, բայց ժամանակի ընթացքում դրանք սկսեցին փոխվել. սկսեցին արտացոլել պայքար, և ես հուսով եմ, որ հետագայում այդ նկարները պետք է միայն հաղթանակ արտացոլեն, քանի որ մենք հաղթողների ազգ ենք”,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Հայ նկարիչների համաշխարհային միության անդամ Լազար Միրզոյանը:

Այցելուները մեկ ցուցադրությունում տեսել են հայ նկարիչների` Ցեղասպանության թեմայով ստեղծագործությունները. Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Սարգիս Խաչատրյան, Հակոբ Հակոբյան, Հարություն Հարությունյան. Արա Շիրազ, Հարություն Հակոբյան, Ղազար Միրզոյան, Արարատ Սարգսյան և ուրիշներ:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ցուցահանդեսը ներկայացնող գրքի շնորհանդես, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին չհրատարակված լուսանկարչական նյութեր:

Բացմանը ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմը, Հայ նկարիչների համաշխարհային միությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը: Հովանավորն է` ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ):