18 ապրիլի 2010 - 11:57 AMT
Ապրիլի 14-17-ը Բակո Սահակյանը քննարկել է մայիսի 23-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-17-ը մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետության կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցեր:

ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ գալիք ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են հանրապետության համար, և իշխանության բոլոր թևերը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անեն ամեն ինչ` ապահովելու ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը և պատշաճ ընթացքը, յուրաքանչյուր կուսակցության և անկուսակցական թեկնածուի համար ստեղծելով հավասար ու արդար մրցակցության պայմաններ:

Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձևով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության և բարոյական նորմերին համապատասխան:

Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կապահովեն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: