19 ապրիլի 2010 - 16:04 AMT
Էդուարդ Ափրամյան. Այն ուժերը, որոնք չեն կարող պաշտպանել ջավախահայերի շահերը, չեն կարողանա պաշտպանել նաև ՀՀ քաղաքացիներին

Ապրիլի 20-ին 15:00-ին Ազգային նոր պաhպանողական շարժումը (ԱՆՊՇ) հանրահավաք կանցկացնի ՀՀ Վրաստանի դեսպանատան շենքի մոտ, որն ուղղված է Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի աջակցությանը` մայիսին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային նոր պաhպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը:

Ըստ Ափրամյանի, Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը միակ կազմակերպությունն է, որն արծարծում է տարածաշրջանի հայերի ազգային խնդիրները, որի պատճառով Վրաստանի իշխանությունները ճնշում են գործադրում կազմակերպության հանդեպ: “Հանրահավաքի նպատակն է ցույց տալ ինչպես Ջավախքի հայերին, այնպես էլ Վրաստանի իշխանություններին, որ վերոհիշյալ կազմակերպությունը մեծ աջակցություն ունի հայկական հասարակական և քաղաքական ուժերի շրջանում”,-ասել է նա:

Ափրամյանը նշել է նաև, որ իրենց ակցիային 8 կուսակցություն է միացել (այդ թվում նաև ՀՅԴ-ն, Հնչակյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, “Հզոր հայրենիք” կուսակցությունը) և 48 հասարակական կազմակերպություններ: Նա նաև կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրահավաքին, քանի որ, ըստ նրա, այն ուժերը, որոնք չեն կարող պաշտպանել ջավախահայերի շահերը, չեն կարողանա պաշտպանել նաև ՀՀ քաղաքացիներին:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքական ուժերի աջակցությունը լրացուցիչ ճնշումների առիթ չի հանդիսանա վրաց իշխանությունների համար` նա ասել է, որ աջակցությունը միայն օգտակար կլինի և կկասեցնի Վրաստանի ղեկավարության հնարավոր ճնշումը:

Ինչպես նշել է Ափրամյանը, մինչ այժմ Հայաստանի ղեկավարությունը բավարար ուշադրություն չէր դրաձնում Ջավախքի հայերի խնդիրներին, ինչը նեղ մտածողության ու այսպես կոչված բիզնեսի շահերի արդյունք է: “Մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ Վրաստանում կա կոմպակտ բնակվող հայ համայնք, որը կարող է ճնշման գործոն հանդիսանալ այդ երկրի նկատմամբ: Սակայն այս պահի դրությամբ, մենք հակառակն ենք տեսնում`Վրաստանն է օգտագործում հայ համայնքի առկայությունն որպես Հայաստանի հանդեպ ճնշման գործոն”,-ասել է նա: